Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) երկրների առաջնորդները եւ Ավստրալիայի վարչապետը Հյուսիսային Կորեային կոչ են արել իր միջուկային ծրագիրը դադարեցնել, փոխանցում է AP-ն:

Ավստրալիայում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջին գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները Ավստրալիայի հետ համատեղ հայտարարություն են հրապարակել, որում նաեւ ռազամականացումից զերծ մնալու եւ վիճելի Հարավ-Չինական ծովում վարքագծի օրենսգիրք ընդունելու կոչ է արվում:

Հայտարարության մեջ նրանք «լուրջ մտահոգություն» են հայտնել լարվածության էսկալացիայի առիթով, որը հարուցում է Հյուսիսային Կորեան իր միջուկային եւ հրթիռային ծրագրերով:

«Մենք Հյուսիսային Կորեային համառորեն կոչ ենք անում անհապաղ եւ լիովին կատարել ՄԱԿ ԱԽ բոլոր բանաձեւերի համաձայն իր պարտավորությունները»,- նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ:

Երկրում միջուկային եւ բալիստիկ հրթիռների զարգացումը «սպառնում է տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգությանը», նշում են նրանք: