Մեր բանակը եղել է, կա եւ լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՊՆ-ում Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ- Սարգսյանը:

Նա, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, մասնավորապես, նշել է.

«Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաեւ՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միեւնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող:

Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները եւ մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջեւ եւ օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, եւ մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք:

Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա եւ լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին:

Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետեւողական աշխատենք եւ մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր եւ մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին եւ պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետեւողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»: