Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհուրդ է տալիս  դպրոցների «բուֆետներից» գնումներ չկատարեն, որ գները նվազեն։ Այս հարցին այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստում Տարոն Մարգարյանն անդրադարձել է, երբ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցների բուֆետներում  բարձր գների խնդրով։

Անի Խաչատրյանը  հարցրել է՝ եթե  գնումների մասին օրենքով հաղթում են նվազագույն սակագնով առաջարկ ներկայացնող  ընկերությունները, այդ դեպքում ինչու են սննդի վաճառքը կազմակերպում սովորականից երեք անգամ բարձր գնով։ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը  բացատրել է, որ բուֆետներում սննդի իրացումը մրցույթով չէ, պարզապես վարձակալել են տարածքը։ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին զարմացած հավելել է. «Եթե գները թանկ են, ընդամենը դա առեւտրային մաս է, պետք է առեւտուր չանել, մի քանի օր հետո իջեցնելու են գները։ Եթե թանկ են, պետք է չօգտվեն»։