Այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, կառավարման եւ այլ ոլորտներում ընթացիկ բարեփոխումներին, արձանագրված միջանկյալ արդյունքներին՝ նշելով, որ դրանք դրական են եւ լավ հիմք են՝ այդ ռեֆորմները շարունակելու համար: Կառավարության ղեկավարը նաեւ խոսել է ՀՀ մարզեր իր այցերի եւ մարզային խորհրդակցությունների մասին՝ դրանք որակելով արդյունավետ եւ կարեւոր: «Ճիշտ է, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, բայց հիմա արդեն մեծ բավականություն ենք ստանում նրանից, թե մեր մարզային թիմերն ինչպես են պատկերացնում իրենց առջեւ դրված խնդիրները: Ներկայացվող զեկույցները չափազանց խոստումնալից են եւ հեռանկարային: Մենք մարզերում թվայնացրել եւ գույքագրել ենք կառավարման առկա ողջ սուբյեկտը՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, սեփական եկամուտներ, աղբահանության գործընթաց, առողջապահության վճարովի ծառայություններ, կրթական համակարգ, եւ երբ այդ ողջ համակարգը թվայնացնում ենք, չեք պատկերացնում՝ ինչքան խնդիրներ կան, որոնք մակերեսին են եւ անմիջապես լուծվում են», - ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այսօր կառավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչպես ենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու: Հստակ հասկանում ենք, որ ունենալու ենք լավ, տրամաբանական զարգացող եւ արդար երկիր: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար եւ նաեւ մասամբ վստահություն փոխանցել, որ այն գործը, որ դուք անում եք, մենք՝ բոլորս, չափազանց բարձր ենք գնահատում: Չափազանց կարեւորագույն գործառույթ է, առանց որի մեր երկիրն ապագա չունի, եւ թիկունքում մենք ապահովելու ենք այն տնտեսական գործոնները, սոցիալ-տնտեսական զարգացումները, որպեսզի դուք հանգիստ լինեք, որ հետեւում էլ կանգնած մարդիկ կան, որոնք իրենց բաժին բեռն էլ իրենց վրա են վերցրել»: