Երեւանի ավագանու նիստը շարունակվում է լարված մթնոլորտում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդդիմադիրների հարցերին կոնկրետ պատասխանելու փոխարեն նրանց մեղադրում է իրենց  դիտավորյալ սեւացնելու մեջ։

«Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանը բարձրաձայնել է վերանորոգված դպրոցներում ֆիզիկական խնդիրներ ոնեցող մարդկանց համար մատչելի պայմանների բացակայությունից։ Նա շեշտել է, որ այդ պայմանների ապահովումը պարտադիր է եղել 2007 թվականից, սակայն դպրոցներում կատարված մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ պատկերը գրեթե անփոփոխ է։

«Փորձում եք փնովել մեր աշխատանքը, ցույց տաք, որ ավելի մտահոգ եք, քան մենք, Երեւանում մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, եւ այն դպրոցները, մանկապարտեզները ու շենքերը, որոնք դեռ խորհրդային տարիներն են կառուցված եղել, բնականաբար, հարմարեցված չեն եղել, իսկ ո՞վ է եղել վերանորոգողը, ինձ թվում է՝ հարցը իրան պետք է տաք։  Ով է վերանորոգել, իրան տվեք, վերջին շրջանում բացի մեկ դպրոցի կապիտալ նորոգումից էն կողմ՝ դպրոց չենք նորոգել։ Կապիտալ նորոգման մեջ էլ ներդրված չի եղել նախագծային փոփոխություններ իրականացնելը, եղածը վերանորոգման աշխատանքեր են»,–վրդովված արձագանքել է Տարոն Մարգարյանը։