Կոմպոզիտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Երվանդ Երզնկյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մասին լավ կարծիքի է, սակայն նրա հուշարձանը տեղադրելու մտքից ոգեւորված չէ։ NEWS.am–ի հետ զրույցում Երվանդ Երզնկյանն ասաց՝ պատմության մեջ շատերը կան, որոնց հիշատակը հավերժացնող հուշարձանների մասին պետք է մտածել։

 «Մեր պատմության մեջ ահագին մարդ ունենք։ Հաց բերողը էն կերպարն է, որ իր հոգին ցույց տվեց, էդ ամեն ինչը հարգում ենք, բայց կարծում եմ՝ ունենք շատ ավելի լուրջ հարցեր քաղաքի հետ կապված։ Իսկապես այդ հարցերը ինչ–որ ժամանակ պետք է գա, որ դրվեն»,–ասաց Երվանդ Երզնկյանը։ Հարցին՝ դեմ չէ՞, որ հուշարձանը ամեն դեպքում տեղադրվի, ասաց. «Ժամանակը գա՝ կմտածենք»։

Մեր զրուցակիցն այս պահին ցանկանում է, որ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն իր գործելաոճից դուրս մղի քաղաքականությունը։

«Մենք պիտի իրար շատ հանդուրժենք ու քաղաքականությունը հանենք մեր գործելաոճից եւ սկսենք աշխատել»։ Ինչ վերաբերում է Մարտի 1–ի զոհերի հիշատակն հավերժացնմող հուշարձանի տեղադրմանն, ասաց, որ դա պետք է քննարկել գործի քննությունից հետո, երբ իրավական մասով ամեն ինչ ավարտված լինի։

 «Պետք չի շտապել, մենք ֆինանսական ծանր պայմաններում ենք ապրում, ահագին գործառույթներ ունենք, վատ ապրող մարդիկ, ավելի լուրջ հարցով պետք է զբաղվենք»։