Չնայած կենսաթոշակային տարիքը Հայաստանում ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում, սակայն պետական պաշտոնյաները հաճախ են կուլիսներում խոսում այն բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Միաժամանակ, պատասխանատուները նշում են, որ եթե առաջիկա 2 տարիներին հաջողվի պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը, որը գրանցվել է 2017 թվականին՝ 7.5 տոկոսի չափով, ապա, հնարավոր է, կենսաթոշակները բարձրանան։

Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակի չափը վերջին անգամ բարձրացել է 2015 թվականին։ Սա առաջացնում է հասարակության լուռ դժգոհությունը, իսկ իշխանությունները, կարծես, գալիս են այն եզրահանգման, որ պետք է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այսպիսի ենթադրություն թույլ է տալիս անել նախորդ տարիների փորձը, երբ դեռ հեռավոր 1996 թվականին իշխանությունները, խոսելով կենսաթոշակների բարձրացման մասին, որոշեցին բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ կանանց համար 55-ից, իսկ տղամարդկանց համար 60 տարեկանից մինչեւ ներկայիս 63 տարեկանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հավաստեց, որ կենսաթոշակային տարիքի բարձրացումը դեռ գաղափար է, որը դուրս չի գալիս քննարկումների շրջանակից։ Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային տարիքը «որոշ դեպքերում արհեստական է», քանի որ այս տարիքին հասած մարդիկ իրենց գիտելիքների, հմտությունների եւ փորձի շնորհիվ շարունակում են աշխատել:

«Սակայն այս հարցը դուրս չի գալիս քննարկումների շրջանակից, եւ եթե ավելի բաց եւ առարկայական քննարկումներ սկսվեն, հասարակությունը կտեղեկացվի եւ համապատասխանաբար կներգրավվի քննարկումներում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտարարել էր, որ Հայաստանում կենսաթոշակային տարիքի բարձրացումն անխուսափելի է եւ ընդունելի տարբերակ է համարվում 65 տարեկանը ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար:

Հայաստանում կենսաթոշակային տարիքի «արհեստական» պահպանման անթույլատրելիության մասին խոսակցությունները ակտիվացել են արեւմտյան կառույցների ներկայացուցիչների կողմից տարեցտարի հանրապետության բնակչության ծերանալու մասին բազմաթիվ հայտարարություններից հետո: Իշխանությունները հաշվարկել են, որ 2023 թվականին Հայաստանում կենսաթոշակառուների թվի աճի արդյունքում կենսաթոշակների վճարման համար կպահանջվի 20 միլիարդ դրամով ավելի, քան 2018 թվականին։

Փաստացիորեն, որպեսզի հիմնադրամի միջոցները բավականացնեն բոլորին, պետք է բարձրացվի կենսաթոշակային տարիքը։ Սակայն իշխանությունները հաշվի չեն առնում, որ տարեց մարդիկ աշխատում են, որովհետեւ թոշակները չեն բավականացնում ապրելու համար։

Ներկայումս, Հայաստանում կանայք եւ տղամարդիկ կենսաթոշակի են ստանում 63 տարեկանից։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում կանայք կարող են կենսաթոշակ ատանալ 55, իսկ տղամարդիկ՝ 60 տարեկանից՝ ինչպես սովետական տարիներին։ Կենսաթոշակային այդ տարիքը գործում է նաեւ Բելառուսում, Ուզբեկստանում եւ նույնիսկ Ուկրաինայում: Ղազախստանում եւ Ղրղզստանում կենսաթոշակային տարիքը կանանց համար 58-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 63-ը։ Տաջիկստանում կանայք կենսաթոշակի են անցնում 60, իսկ տղամարդիկ՝ 63 տարեկանում։  Թուրքմենստանում եւ Մոլդովայում կանայք կենսաթոշակ են ստանում 57 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 62 տարեկանում։

Գայանե Իսահակյան