ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում ավտոբուսի եւ բեռնատարի վթարի տեղեկությունը, որի հետեւանքով, ենթադրաբար, հայ քաղաքացիներ են տուժել:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում բեռնատարի եւ Հայաստանից ուղեւորված ուղեւորատար ավտոբուսի բախման հետեւանքով տուժածների մասին տեղեկությունը»,- Facebook-ի իր էջում հայտնել է դիվանագիտական առաքելությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի առավոտյան Մ4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին միմյանց են բախվել Երեւանից Մոսկվա ընթացող ավտոբուսը եւ բեռնատարը: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 8-ը՝ վնասվածքներ ստացել:

Պավլովի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել հանդիպակաց ուղեմաս ավտոբուսի դուրս գալու պատճառով: Ծառայության տեղեկություններով՝ հոսպիտալացվածներից երեքի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ միջին ծանրության, բոլորը Հայաստանից են: