Քիշնեւի կենտրոնում Մատեեւիչի եւ Հայկական փողոցների խաչմերուկում՝ հայկական գերեզմանոցի մոտ, տեղի է ունեցել պայթյուն: Այս տեղեկությունը Sputnik-Մոլդովա-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության գլխավոր տեսչությունում:

«Քիշնեւի ոստիկանության տեսչությունը տեղեկացնում է, որ պայթյուն է տեղի ունեցել Հայկական եւ Մատեեւիչի փողոցների խաչմերուկում գտնվող պարենային խանութում, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում»,- հայտարարել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոչ պաշտոնական վարկածով՝ տեղի ունեցածի պատճառ կարող է լինել կենցաղային գազի պայթյունը: Դեպքի վայրը շրջափակված է: Այնտեղ քրեագետներն են աշխատում:

Ոստիկանությունից հայտնում են, որ արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Նախապես հաղորդվում էր, որ մեկ մարդ է մահացել:

Ականատեսները պնդում են, որ խոսքը ոչ թե կենցաղային գազի պայթյունի, այլ խանութի վաճառողի եւ այնտեղ այցելած տղամարդու միջեւ վեճի մասին է: Վերջինը, իբր, փորձել է առանց վճարելու ինչ-որ ապրանք վերցնել, սակայն նրան մերժել են: Արդյունքում, վկաների խոսքով, նա դուրս է եկել եւ նռնակ պայթեցրել: