Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություն չունի Հայաստանի վարչապետ դառնալ, բայց իրողությունները փոխվել են: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նա չի բացառել առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«Ինստիտուցիոնալ առումով քննարկումներ դեռ չենք արել։ Ո՛չ գործադիր մարմնում, ո՛չ խորհրդում չի քննարկվել։ Մենք պետք է առաջնորդվենք բացառապես պետական շահի գերակայությամբ: Մեր որոշման մեջ առաջնորդվելու ենք Հայաստանի շահով եւ այն գործչի առաջադրմամբ, որը, ըստ մեզ, կարող է լավագույնս իրականացնել Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունները»,- հայտարարել է Շարմազանովը։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարել էր, որ  չի առաջադրվելու նախագահի, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում էլ՝ վարչապետի պաշտոնում, ինչին հաջորդել են սահմանադրական հանրաքվեն ու խորհրդարանական ընտրությունները, իսկ հայտարարությունն ընդդիմադիրները գնահատեցին հանրությանը մոլորոցնելու փորձ, Շարմազանովն արձագանքել է. «Ինձ քիչ է հետաքրքիր, թե այս կամ այն ընդդիմադիր ճամբարում ընդդիմադիր գործիչներն ինչ եզրակացության են եկել 2014, 2015-2018 թվականներին նախագահի հայտարարություններից: Սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի վարչապետության դառնալու մասին չէին, բարեփոխումներ էին, որոնք քարոզվել են բովանդակության առումով, եւ ժողովուրդը դրան է ձայն տվել։ Երկրորդ, պարոն նախագահը երեկ շատ հստակ նշեց. էն, ինչ–որ ասել է՝ չի լինի, նախագահ չի լինի, բայց հավակնությունը այլ բան է, թե «Ելք»-ում ինչ են մտածում, դա իրենց խնդիրն է»:

Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան