Հանրապետական կուսակցության  անդամ Համլետ Հարությունյանը, որը շուրջ 18 տարի պատգամավոր է եղել, պնդում է, որ իշխանությունը պետք է ներում շնորհի Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին։ NEWS.am–ի հետ զրույցում նախկին պատգամավորը  խոստովանեց, որ իր հրապարակած կարծիքները թեեւ անհետեւանք չեն մնացել, սակայն դա չի ստիպում  Շուշիի առանձնակի  գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մասին դրական չխոսել։

Նշենք, որ այսօր ավարտվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը։ Սեֆիլյանը զինված հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով դատապարտվեց 10 տարի, 5 ամսվա ազատազրկման։ Մինչդեռ պաշտպանները պնդում են, որ դատարանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել այդ մեղադրանքը։ Սեֆիլյանի դատավճիռը թե պաշտպանները, թե բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ որակեցին որպես քաղաքական հաշվեհարդար։ Նրա համախոհների պնդմամբ՝  պատժաչափը որոշել է անձամբ Սերժ Սարգսյանը։

«Ես  իմ հայտնած կարծիքների պատճառով միշտ տուժել եմ, բայց չեմ կարող ժիրայրի մասին  չասել դրական բան։ Ես շատ ափսոսում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանն այսօր բանտում է։ Ես շատ ափսոսում եմ, որ Սամվել Բաբայանն այսօր բանտում է, հայրենիքի համար արյուն թափած տղաներն այսօր բանտում են։ Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հումանիզմ դրսեւորեն, օգտվեն իրենց իրավունքից  եւ տղաներին ներում շնորհեն։  Ես քրեական գործին ծանոթ չեմ, ոչ էլ կարող եմ մանրամասներ ասել, ուղղակի ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Նրանք մեր հայրենիքի թշնամիները չեն»,–ասաց ՀՀԿ  խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը։

Իշխանական կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, որ իշխանությունը շատ մտածելու բան ունի, երբ պատերազմական վիճակում գտնվող երկրում ազատամարտիկներին սպանում են նաեւ բարոյապես եւ դրա համեմատ բանտն ավելի մեղմ է թվում։

«Շատ–շատ մտածելու բան ունենք։ Պատերազմի մասնակիցներին հանում շպրտում են, դասալիքներին պաշտոն են տալիս, դեպուտատ են դարձնում, իսկ հայրենական պատերազմի ժամանակ ցանկացած հաշմանդամի ու զոհվածի ընտանիք բացառիկ իրավունքներից էր օգտվում։  Չկար մի հաշմանդամ, որ աշխատանքով ապահոված չլիներ։ Մեր կոլխոզի երեք հաշվապահը ոտք չունեին, ֆերմայի վարիչը ձեռք չուներ, նրանք պարտադիր պետք է այնպիսի աշխատանքով ապահովվեին, որ  առողջությունը ներում էր։ Գիտեք՝ միայն բե՞րդն է պատիժ, բարոյապես սպանում ես մարդուն, բերդն ավելի լավ է քան բարոյական սպանությունը»։