Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ մարտի 21-ին, մերժեց «Ելք» խմբակցության առաջարկած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հատկանշական է, որ թեեւ միայն «Ելք» խմբակցությունն էր հայտարարել, որ կողմ է քվեարկում նախագծին, սակայն կողմ քվեարկեց 14 պատգամավոր («Ելք»-ի խմբակցությունում 9 պատգամավոր կա միայն): ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շփոթմունք է եղել:

ԱԺ նիստը վարող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը խնդրեց ձեռք բարձրացնել նրանց, որոնք շփոթմամբ են կողմ քվեարկել, որի արդյունքում հայտարարեց, որ որոշումը չի ընդունվում 9 կողմ, 51 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով:

Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Ծառուկյան» դաշինքը կիսում է մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացված հայտարարության տառացի մեկնաբանությունից, որտեղ մասնավորապես, պահանջ կա ԱԺ կողմից իրավապահ մարմիններին որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, այստեղ տեսնում ենք Սահամանդրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկի: Մենք այստեղ խորհրդարանական վերահսկողությունը չպետք է տարածական մեկնաբանենք այնպես, որ դա արտահայտվի իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման ձեւով»:

Ի պատասխան «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ԱԺ հայտարարության տեքստը դրել են քվեարկության, եւ որեւէ խմբակցության կողմից չի եղել որեւէ առաջարկ:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հայտարարության նախագծին, սակայն այդուհանդերձ, այն ընդգրկվել էր ԱԺ նիստերի օրակարգում: