Ազգային ժողովն այսօր՝ մարտի 21-ին, առաջին ընթերցմամբ 74 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ նախագիծը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների առնվազն 3/5-րդով:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ նշեց, որ այս օրինագծի հետ կապված իրենց խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որը չընդունվեց. «Այս նախագիծը դրական միտում է պարունակում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ կլինենք»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ նախագծում կարևոր փոփոխություն է արված, եւ քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված, մասնավորապես, ուսուցիչների համար: Նա տեղեկացրեց, որ «Ելք.-ը կողմ է նախագծին:

Նշենք, որ այս նախագիծը առաջարկում է խստորեն սահմանափակել վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ընթացքում ոչ միայն թեկնածուների, այլ նաեւ պետական ծառայողների կողմից: Արգելվում է օգտագործել հանրային եւ ծառայողական տրանսպորտը, բյուջետային միջոցները, տարածքները, կապի, տեղեկատվության միջոցները, ինչպես նաեւ այլ նյութական եւ մարդկային ռեսուրսներ: