2017թ.-ի դեկտեմբերի 11-ին Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանի հարազատները վստահեցնում են՝ նրան դրդել են այդ քայլին դիմել:

NEWS.am-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանի քույրը՝ Նարինե Խաչատրյանը պատմեց, որ Նարեկ Ադիբեկյանը ծառայության ժամանակ ճնշումներ է գործադրել իր եղբոր նկատմամբ, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել:

«Եղբայրս ու Նարեկ Ադիբեկյանը միասին են դիրքերում հերթապահություն իրականացրել: Տեւական ժամանակ Նարեկ Ադիբեկյանը ճնշել է եղբորս, բռնություն գործադրել, մի անգամ նույնիսկ դեմքն է վառել, ստիպել անվայել գործողություններ անել: Փորձաքննություններից ստացված պատասխաններով այս ամենն ապացուցված է»,- ասաց Նարինե Խաչատրյանը:

Քրոջ խոսքով՝ Կարենը երբեք չի դժգոհել ծառայությունից, առկա խնդիրների մասին էլ իրենք իմացել են միայն սպանությունից հետո. «Փաստաբանն է մեզ պատմել, թե ինչ պայմաններում է եղբայրս ծառայել, ինչպես է Նարեկ Ադիբեկյանը վարվել նրա հետ»:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, որը պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ), խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու՝ արդյո՞ք Կարեն Խաչատրյանը մեղսունակ է:

«Մենք արդարացի դատավճիռ ենք պահանջում, եղբորս ճնշումների միջոցով դրդել են այդ քայլի դիմել: Դեպքի օրն էլ միասին դիրքեր են բարձրացել, Նարեկ Ադիբեկյանը կրկին ճնշել է, մայր է հայհոյել, որից հետո եղբայրս այդ քայլին է դիմել»,- ասաց Նարինե Խաչատրյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2017թ.-ի դեկտեմբերի 11-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանը: