Քիչ առաջ ավարտվել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որն ընդունեց բացառիկ հայտարարություն Արցախի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին հնչեց բացասական կարծիք եւ քննարկումների ժամանակ, եւ ընդունված հայտարարությունում, որը շուտով կտարածվի: Այս հայտարարությունը եւս մեկ քայլ է խորհրդարանական դիվանագիտության մեջ մեր պառլամենտի ունեցած հաջողությունների կողքին»,-ընդգծեց Եսայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերի 11-12-ին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, մեր երկիրը նաեւ երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանում: «Այս ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում Հայաստանի նվիրվածության, ֆրանկոֆոն արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած գործունեության գնահատման նշանավորումն է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ գագաթնաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրի ներքո: