Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ թեթեւ արդյունաբերության ոլորտի 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում մեր երկիրը ներկայացնում են «TextilLegProm» միջազգային ցուցահանդեսում։

«TextilLegProm»-ը միջազգային մատակարարների, միջին եւ խոշոր գնորդների համար հայաստանյան արտադրողների հետ բիզնես հանդիպում է կազմակերպել: Հանդիպման ընթացքում «Լենտեքս», «Ալեքս տեքստիլ», «Արշալույս», «Մոսինի» եւ «Սարտոն» ընկերությունները կներկայացնեն արտադրական կարողություններն ու արտահանման ենթակա նմուշները։ Բացի այդ՝ 50-րդ հոբելյանական ցուցահանդեսի կատալոգը կներկայացնի Հայաստանի տեքստիլ ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները։

«Որեւէ երկրի արտադրողների հետ հատուկ հանդիպման կազմակերպումը բացառիկ միջոցառում է միջազգային էքսպոյի շրջանակում, որը հայաստանյան արտադրողների բանակցային հնարավորությունները պարզապես բազմապատկում է: Վստահաբար, որոշիչ է եղել հայաստանյան տեքստիլ ոլորտի արագ աճն ու արտահանման ներուժը»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

«ՏեքստիլԼեգՊրոմը» տարեկան 2 անգամ անցկացվող տոնավաճառ-ցուցահանդես է, որտեղ աշխարհի 25 երկրից ավելի քան 2000 ընկերություն ներկայացնում է տեքստիլ արտադրանք եւ թեթեւ արդյունաբերության սարքավորումներ։ Այն համարվում է աշխարհի ամենամեծ 50 ցուցահանդեսային միջոցառումներից մեկը։

Ցուցահանդեսը նաեւ գործնական պայմանավորվածությունների արդյունավետ հարթակ է. անցած տարվա 2 ցուցահանդեսների ընթացքում հայաստանյան արտադրողներն ավելի քան 730 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։