ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ծրագիրը, որն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ  ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար: 

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝  Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարեւորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից: