Հայաստանում առանձին քաղաքական եւ հասարակական գործիչներ արդեն մտահոգություն են հայտնել, որ երկրում կրկին ցանկանում են իշխանությունը կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում, այս պարագայում վարչապետի։ Այս մասին մարտի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական, նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

«Ամբողջ հարցն այն է, թե ով կլինի այն մարդը, որն կունենա բավականաչափ հարուստ փորձ, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար, որը մեզ համար ամենակարեւոր հարցերից մեկն է»,–պարզաբանել է Մինասյանը։

Միաժամանակ, նրա կարծիքով, ապագա վարչապետը պետք է բավականաչափ գիտելիքներ, հարուստ գործնական փորձ ունենա պետական կառավարաման ոլորում, ինչպես նաեւ ծանրակշիռ դիրք հասարակության մեջ։

Մինասյանի հավաստմամբ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության ներսում դեռ գտնվում է քննարկումների փուլում։ Միաժամանակ, նախկին պատգամավորը նշել է, որ հանրապետությունում շատ չեն քաղաքական գործիչները, որոնք ունեն այնքան գիտելիքներ ու փորձ, որքան գործող նախագահը։

Չնայած, նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը շահագրգռված է, որ Հայաստանում ձեւավորվի նոր, ավելի երիտասարդ եւ առաջադեմ քաղաքական էլիտա, որն, անհրաժեշտության պարագայում, կարող է փոխարինել իրեն։