Իջեւանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:

2017 թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա: Ըստ փորձագետի՝ դեպքի պահին եւս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել:

Փորձագետը բացառել է նաեւ հրամանատար Վաչագան Հայրապետյանի եւ մյուս ծառայակիցների գործողությունների եւ Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջեւ պատճառահետեւանքային կապը:

Հիշեցնենք, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է: Վերջինս գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում եւ իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետը միանշանակ չի գնահատել մասնագիտացմանը չհարմարվելու կամ դիտողության արժանանալու հանգամանքների՝ ինքնասպանության դրդելու հնարավորությունը. նրա խոսքով՝ «չկան այնպիսի հոգեվիճակներ, իրադրություններ, խնդիրներ եւ հանգամանքներ, որոնք միանշանակ հանգեցնում են ինքնասպանության»: