Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ամփոփվել են 2017 թվականի բնակարանաշինության արդյունքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Գորիսում բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկին՝ տանիքի նորոգման եւ բնակարանի ներքին հարդարման աշխատանքները: 

Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են վարձով: Նրանց հայրը՝ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունը՝ որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում այդպես էլ մնացել էին անավարտ:

Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ՝ գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ:

«2017թ.-ի բնակարանաշինության ծրագրում այս տան կառուցումը եզակի էր. մեկ ծրագրի ֆինանսական հաշվարկով հնարավոր եղավ աջակցություն ցուցաբերել երկու ընտանիքի՝ որեւէ մեկին չզրկելով բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Դեռ պարզ չէ, կշարունակվի՞ ծրագիրն այս տարի, թե՝ ոչ, սակայն այս տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլեւ ամբողջ անձնակազմի նվիրումն անգնահատելի դարձան ինչպես մեր, այնպես էլ նման ընտանքների համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Թվում է՝ վաղուց արդեն չափահաս մարդիկ ենք եւ հրաշքներին չէ, որ պետք է հավատանք: Սակայն մեզ համար դա կատարվեց. ամենամեծ նվերը տունն էր, և մենք այն ունեցանք: Մեր վաղեմի երազանքն իրականացավ: Երեխայի պես հուզված ու շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ակսելը:

Ռուբենն իր ընտանիքով վարձով ապրելու կարգավիճակին հրաժեշտ է տվել ամանորից հետո: Տան իրերի վերջնական տեղափոխումը բառացիորեն ավարտվել է այդ օրերին: 

Հանրապետության տարբեր մարզերում անցած տարվա ընթացքում տուն ունենալու երջանկությունը վայելել է 13 ընտանիք: Նրանցից վեցի աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով:

Վեց տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է   Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք: Այդ ընթացքում, Հայաստանի տասը մարզում միայն բնակարանաշինության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 369 մլն դրամի ներդրում է կատարել: