Մինչեւ 2016-ի ավարտը այլընտրանքային էներգետիկն կազմում էր մինչեւ 1 տոկոս, մինչդեռ այսօր արդեն տրամադրվել են 11 լիցենզիաներ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, 2016-ի վերջին եւ 2017-ի սկզբին արեւային էներգետիկայի վերաբերյալ հայեցակարգ ընդունվեց. «Այսօր արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ մինչեւ մեկ մգվտ հզորության կայաններ կառուցելու համար: Դրանցից երեքը արդեն կառուցված են 2017-ի դեկտեմբերի դրությամբ, մյուսները կառուցվում են»:

Նախարարը նշեց, որ այս ոլորտում կարեւորագույն խնդիրն այն է, թե ինչպես կուտակել արեւային էներգիան. «Կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է, որ հասկանանք արեւային էներգիան զարգացնենք կուտակիչներով, թե կուտակիչները կառուցել երկրի տարածքում մի քանի հատ՝ ընդհանուր կուտակման համար:

Դրա համար հիմա պիլոտային ծրագրով կառուցվում է մեկ կուտակիչ, որի երեք ամսվա աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը կտրվի»:

Աշոտ մանուկյանը տեղեկացրեց, որ հիդրոկայանների կառուցումով հիդրո էներգիայի բաժինը կհասցնեն 40 տոկոսի, միջուկայինը՝ 40-42 տոկոսի: «Կմնա 18 տոկոս: Այ այդ 18 տոկոսը կլինի թիրախ արեւային եւ հողմային էներգիայի համար: Այսպիսով առաջիկա 10 տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից»,-ընդգծեց նա: