Իրանից Վրաստան գազ տարանցելու համար մեզ անհրաժեշտ չէ ամբողջ Հայաստանի տարածքով կառուցել խողովակաշար: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նրա խոսքով, այսօր գործող տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս գազը տարանցել ամենեւին էլ ոչ ֆիզիկապես. «Այսինքն Իրանից Վրաստան գազ տարանցելու համար մեզ անհրաժեշտ չէ ամբողջ Հայաստանի տարածքով կառուցել խողովակաշար, որովհետեւ արդեն բազմաթիվ երկրներում իրականացվում է «սվոփ» (swap) գաղափարը: Մենք տեսականորեն հնարավորություն ունենք Իրանի սահմանին ստանալ գազ, եւ Վրաստանի սահմանին փոխանցել այլ գազ: Այստեղ գլխավոր մեխը գազի գնի մեջ է. այսինքն որքանով է գազի գինը եւ տրամադրման պայմանները մրցակցային»,-ընդգծեց նախարարը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչ փուլում է Թուրքմենստանից գազ գնելու տարբերակի շուրջ բանակցությունները, նախարարը պատասխանեց, որ այստեղ երկու բանի մասին է խոսքը. Մի կողմից Թուրքմանստանից Իրանի տարածքով Հայաստան գազ ներկրելու, մյուս կողմից հայաստանի տարածքով այդ գազը դեպի Վրաստան տարանցելու մասին:

«Տարանցման հարցում մենք չափազանց առաձգական ենք, պատրաստ ենք քննարկել ցանկացած տարբերակ եւ տրամադրել բավական մրցունակ տարանցման պայմաններ:

Ինչ վերաբերում է Հայաստան գազի ներկրմանը, ապա այդ քննարկումները շարունակվում են: Այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ մեզ առաջարկվող գները մրցունակ չեն այսօր մեր կողմից ստացվող գազի գների հետ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմանազովն էլ հավելեց. «Այսինքն Ռուսաստանի կողմից ստացվող գազն ավելի մրցունակ է եւ դրանից ավելի մրցունակ գազ չունենք», ինչին նախարարը համաձայնեց: