Հայաստանն Իրանից կարող է ունենալ ավելի էժան գազ, ուղղակի չկա դրա համար քաղաքական կամք, բանակցողներ, իշխանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Դա հարց ուղղեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, նշելով, որ հիմա գազը Հայաստան հասնում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն բնակիչներին է հասնում մոտ 290 դոլարով (139 000 դրամ). «Այս տարբերությունը որտեղի՞ց է, ես այս հարցին չեմ լսել հոդաբաշխ պատասխան, թե ինչու է բնակիչն այդքան թանկ ստանում գազը: Երբ ասում եք, որ Հայաստանը գազն էժան է ստանում, դուք սահմանի գինն եք ասում, չեն ասում տանը վառվող գազի գինը, որը շատ ավելի թանկ է շատ այլ երկրների գներից, որոնք եւս Ռուսաստանից են գազ ստանում»:

Ի պատասխան Աշոտ Մանուկյանն ասաց, որ այդ տարբերությունը գոյանում է խողովակների նորոգման, շահագործման ծախսերից, նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմին աշխատավարձ է տրվում, կան պահպանման ծախսեր. «Տարբերության մեջ մտնում են այս ծախսերը եւ 7,25 տոկոս կորուստները: Մեր բոլոր սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից, բաց, թափանցիկ գորչծիքակազմի եւ նաեւ տրվում է ժամանակ այդ սակագները հանրության հետ քննարկելու համար: Յուրաքանչյուր սակագնի բաղկացուցիչ մասը դրա ծախսային հոդվածներն են: Որ ծախսային մասն եք համարում ուռճացված, ասեք, ես պատրաստ եմ լրջորեն քննարկել եւ ներկայացնել տեղեկատվություն»: