Գլենդելի բնակիչ Կորյուն Հակոբյանին դատապարտել են Քարմայքլում բանկային խարդախության համար։ Ինչպես նշել է դաշնային դատախազ ՄքԳրեգոր Սքոթը, դաշնային դատավոր Գարլանդ Բարրել-կրտսերը 64-ամյա Կորյուն Հակոբյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ հիփոթեքային մուրհակներով խարդախ սխեմայում կեղծ գնորդի դեր կատարելու համար, հայտնում է Slavicsac-ը։

Դատարանի փաստաթղթերի համաձայն, Հակոբյանը հանդես է եկել որպես Քարմայքլում տան գնորդ։ Նա ստորագրել է վարկ վերցնելու դիմումը՝ իմանալով, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ 2007թ. հուլիսի 3-ին եկամուտների, խնայողությունների, զբաղվածության մասին կեղծ տեղեկանքներով բանկ համաձայնվել է 100 տոկոսով ֆինանսավորել առանձնատան գնումը եւ փոխանցել է 824 հազար դոլար գումար։

Հակոբյանի փոխարեն այդ տանն այլ անձ է բնակվել։ Տունը գնելուց երկու ամիս անց Հակոբյանն անշարժ գույքի գրավադրմամբ 200 հազար դոլար վարկ է ստացել՝ կրկին բանկին կեղծ տեղեկանքներ ներկայացնելով։ Գումարները ստանալուց հետո մեծ մասը նա փոխանցել է դստեր եւ փեսայի հաշվին։

Կեղծ դիմումների հիման վրա վարկատուները կես միլիոն դոլար են վճարել՝ ընդհանուր առմմաբ 580 հազար դոլարի վնաս կրելով։