Թեղուտի հանքավայրը չի փակվել, նրա գործունեությունը պարզապես ժամանակավորապես կանգնեցվել է: Այս մասին մարտի 21-ին ԱԺ-ում կառավարական ժամին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչ պետք է լինի այն մարդկանց հետ, որոնք գործազուրկ կդառնան «Վալեքս Գրուպ» ընկերության կողմից Թեղուտի հանքավայրի գործունեության դադարեցման դեպքում:

Նրա խոսքով՝ այնտեղ որոշ տեխնիկական բարդություններ են առաջացել, որոնք պետք է վերացնել: «Մենք մեծ հույս ունենք, որ կա՛մ այս տարեվերջին, կա՛մ հաջորդ տարեսկզբին Թեղուտի հանքավայրը կրկին կգործարկվի»,- պարզաբանեց նախարարը: Ըստ որում՝ նա հավաստիացրեց, որ Թեղուտի հանքավայրի հետ կապված բոլոր բնապահպանական հարցերն ու խնդիրները «Վալեքս Գրուպն»  անպայման կլուծի: