Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդ երկրի Սենատում եւ հանդիպել մի շարք սենատորների հետ:

Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին եւ Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ եւ այդ առթիվ փոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին:

Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ջանքերի ներկա փուլի մասին:

«Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման եւ կայացման ժողովրդավարական ուղին եւ այդ ճանապարհին կարեւոր հանգրվանի ենք հասել: Այսօր Արցախի Հանրապետությունում հարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, եւ տնտեսական գործունեության բոլոր ձեւերը պաշտպանված են օրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հիմնախնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ոչ միայն խոչընդոտում են բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանը, շարունակում են նաեւ պարբերաբար սադրիչ գործողություններ իրականացնել սահմանին՝ սպառնալիք հանդիսանալով Արցախի բնակչության անվտանգության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ բարեկամական կապերի ստեղծման եւ Ավստրալիայի Սենատում այդ ուղղությամբ աշխատանքների ակտիվացման հետ կապված մի շարք հարցեր: Սենատորների առաջարկով՝ Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաեւ Սենատի լիագումար նիստի աշխատանքներին:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը եւ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուներ: