Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Այդ մասին ասել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը՝ Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, հանդիպում ունենալով Նինոծմինդայի հայ համայնքի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որ հայ համայնքը մեծ ուշադրություն հատկացնի վրացական լեզվի ուսուցմանը, քանի որ դա առանձնակի կարեւորություն է իրենից ներկայացնում։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր, հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մակարդակը, որին ի պատասխան Վրաստանում ՀՀ դեսպանը նշեց, որ դրանք աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում, որում մեծ դեր են խաղում նաեւ Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջեւ անձնական շատ ջերմ հարաբերությունները, որը եւս իր արտացոլումն է գտնում երկկողմ հարաբերությունների վրա։ Այս համատեքստում դեսպան Սադոյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության համար ստեղծում է նման բարվոք պայմաններ եւ նրանց խնդիրները պահում մշտական ուշադրության կենտրոնում։