Գերմանիայի ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) ծավալն այս տարի հիմնականում արտահանման շնորհիվ կաճի 2,3 տոկոսով: Այնուամենայնիվ, ազգային տնտեսության սպառնալիքները ավելի կտրուկ կզգացվեն, քան նախկինում: Այս եզրակացությանն է հանգել Գերմանիայի կառավարությանն առընթեր Տնտեսական փորձագետների խորհուրդը (այսպես կոչված «Իմաստունների խորհուրդ»),  որը մարտի 21-ին հրապարակել է իր նորացված ֆինանսական կանխատեսումը, հաղորդում է DW-ն:

«Վերջին տարիների աշխույժ աճից հետո գերմանական տնտեսությունը բարձր կոնյուկտուրային փուլ է ապրում», - նշում են վերլուծաբանները: Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, «դրական աճի կանխատեսումները չպետք է անտեսեն այն փաստը, որ վերջին շրջանում տնտեսական աճի ռիսկերը աճել են»:

Հիմնական սպառնալիքների շարքում «Իմաստունների խորհուրդը» անվանում է Իտալիայի խորհրդարանական ընտրություններում աջակողմյան պոպուլիստների դաշինքի հաղթանակը, բրեքսիտի հարցով բանակցությունների կասկածելի առաջընթացը եւ պողպատի եւ ալյումինի ներմուծման համար ԱՄՆ մաքսատուրքերը: Գերմանիայի պողպատաձուլական արդյունաբերությունում ներգրավված են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս առումով, աշխատատեղերի մի մասը անխուսափելիորեն հարվածի տակ կհայտնվի: