Միացյալ Նահանգները կառուցողական բանակցություններ են վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ, սակայն ծրագիր է մշակում անկանխատեսելի հանգամանքների դեպքում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի քաղաքականության ծրագրման տնօրեն Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք եվրոպացիների հետ կառուցողական բանակցություններ ենք ունեցել լրացուցիչ պայմանավորվածության հետ կապված, բայց ես չեմ կարող կանխատեսել, թե կարող ենք արդյոք համաձայնության գալ նրանց հետ», - ասել է նա: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն ամեն ինչին, ուստի  անկանխատեսելի հանգամանքների համար ծրագիր է մշակում:

ԱՄՆ-ն երկկողմ հանդիպում է անցկացրել նաեւ Իրանի հետ, ԱՄՆ-ի քաղաքացիների ազատումը պահանջելու համար: Հանդիպումը կայացել է Վիեննայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը համարում է «աղետ»: Նա պահանջել է փոփոխել պայմանագիրը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա պայմանագրից: