Բելգրանոն եւ Արգենտինայի արեւմտյան ազգային համալսարանները չեղյալ են հայտարարել «1915 թվական. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» թեմայով համաժողովը, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը: Համաժողովը պետք է անցկացվեր Անկարայի համալսարանի հետ համատեղ, հաղորդում է Agencia Prensa Armenia-ն:

Համաժողովի հայտարարությունից հետո հայ համայնքի բոլոր երիտասարդական կազմակերպությունները հայտարարել են, որ «նման միջոցառումներն անընդունելի են ակադեմիական միջավայրում, հատկապես Արգենտինայում, որը մարդու իրավունքների ոլորտում առաջատար երկիր է եւ առաջին երկրներից մեկն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլա Սաբունկույանը նամակ է հղել համաժողովի կազմակերպիչներին` նշելով, որ համաժողովի անվանման մեջ նշված է Հայոց ցեղասպանության սկզբի տարեթիվը, սակայն մարդկության դեմ կատարված այս հանցագործության մասին չի նշվում: Համաժողովը նախատեսվում էր Անկարայի համալսարանի հետ համատեղ, որը համարվում է թուրքական կրթական համակարգի մի մասը եւ հանդիսանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մի մասը:

Հիշեցնելով, որ համաժողովները անցկացվել են Չիլիի, Կոլումբիայի եւ Պարագվայի, Էկվադորի եւ Դոմինիկյան հանրապետության բուհերում, նա ընդգծել է, որ անցկացված բոլոր համաժողովները ժխտել են Հայոց ցեղասպանությունը: