ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբն այսօր՝ մարտի 21-ի երեկոյան ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են 42 կամավորների, որոնք բոլորն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: Հայաստան ժամանող կամավորները անցել են ընտրության խիստ մրցակցային գործընթաց, որի արդյունքում նրանք ընտրվել են բազում այլ դիմորդների միջից:

Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում են 72 կամավորներ, իսկ 42 նորեկները միանալու են նրանց։ Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը  եւ հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր եւ արտահայտություններ:

Մոտակա երեք ամիսների ընթացքում կամավորները կապրեն Արարատի մարզում հայ ընտանիքների հետ եւ կմասնակցեն երեք ամիս տեւողությամբ դասընթացի, որի ընթացքում նրանք կուսումնասիրեն հայոց լեզուն եւ մշակույթը: Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո տեղի կունենա կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի՝ դասավանդելով անգլերեն տեղի դպրոցներում եւ աշխատելով հասարակական կազմակերպություններում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստան ժամանած կամավորները նշել են, թե որոշ բաներ են սովորել Հայաստանի մասին, գիտեն, որ երկիրը զարգացած մշակույթ ունի, եկել են, որ ծանոթանան հայկական մշակույթին։