Հարավային Կորեայի նախագահի առաջարկած երկրի սահմանադրության վերանայումը նախատեսում է յուրաքանչյուրը 4 տարով նախագահական 2 ժամկետի ներդրում՝ ներկայիս 5-ամյա մեկ ժամկետի փոխարեն, հայտնում է «Ռենհափը»՝ վկայակոչելով նախագահի իրավական հարցերով օգնականին:

Ըստ որում՝ եթե անգամ առաջարկված փոփոխությունն ընդունվի Ազգային ժողովի (խորհրդարանի) կողմից, դրանից, միեւնույն է, գործող նախագահ Մուն Չժե Ինը չի կարողանա օգտվել 2022 թվականին իր լիազորությունների ավարտից հետո:

Գործող համակարգը քննադատում են նախագահի ձեռքում իշխանության ավելորդ կենտրոնացման համար, ինչպես նաեւ կոռուպցիայի տեսակետից խոցելիության: Կառավարության առաջարկած տարբերակը, բացի հաստատված 4-ական տարով 2 ժամկետից՝ մեկ 5-ամյայի փոխարեն, նախագահին զրկում է Սահմանադրական դատարանի ղեկավարին նշանակելու իրավունքից, Ազգային ժողովին հնարավորություն է տալիս նշանակելու աուդիտի կոմիտեի 9 անդամներից երեքին եւ վարչապետի իշխանությունն ամրապնդում է հիմնական օրենքից այն ձեւակերպումը հանելով, որ նա իր պարտականությունները կատարում է  «ըստ նախագահի հրամանի»: Առաջարկվում է նաեւ քվեարկելու իրավունքի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 18 տարեկան:

Առաջարկները խորհրդարան կներկայացվեն երկուշաբթի: