Գյումրի-Երեւան ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին 2 մարդու կյանք խլած վթարի  գործով դատաքննությունը դեռ շարունակվում է. դատարանում այժմ քննարկվում է տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը:

NEWS.am-ի թղթակցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբիկ Մովսիսյանը հայտնեց, որ տուժող կողմը պահանջում է մինչեւ 5 մլն դրամի փոխհատուցում:

«Դատարանում այժմ հենց այդ հարցն է քննարկվում: Գործով ամբաստանյալ Գուրգեն Համբարձումյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հետեւաբար նաեւ քաղհայցին է դեմ: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն էլ դատարանում հայտարարել են, որ յուրաքանչյուր զոհի համար կարող են վճարել մինչեւ 1 մլն դրամ»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը:

Մարտի 28-ին նշանակված դատական նիստին թերեւս վերջապես դատաքննությունը կավարտվի եւ կողմերը կանցնեն վիճաբանությունների փուլին:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը, մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել: