Կառավարությունը մարտի 22-ի նիստում հաստատեց  Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝  շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ռազմավարական ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որը կենտրոնացնում է շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների ռացիոնալ օգտագործման ծրագրերը ՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունները: «Շրջակա միջավայրի, ներառյալ մթնոլորտի, ջրերի, բնահողի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի համալիր պահպանումը կդառնա երկրում ընդունվող տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական, մշակութային եւ այլ որոշումների առանցքային բաղադրիչը»,- հավաստիացրեց նախարարը:

Նրա պարզաբանմամբ՝ ռազմավարության շրջանակում միջոցառումների ֆինանսավորումը կիրականացվի դրամաշնորհային միջոցների հաշվին: