Telegram ընկերությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել ծածկագրման բանալիները ռուսական հատուկ ծառայություններին տրամադրելուց հրաժարվելու համար սահմանված խոշոր տուգանքի հարցով։ Այս մասին հայտնում է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպությունը։

Telegram–ի ներկայացուցիչների պնդմամբ, Անվտանգության դաշնային ծառայության պահանջն ու դատավճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված «առանց պետական մարմինների միջամտության տեղեկատվության եւ գաղափարների ազատ տարածման իրավունքի» խախտում է։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Մեշանսկի դատարանը տուգանել էր Telegram ընկերությանը 800 հազար ռուբլով, քանի որ ընկերությունում հրաժարվել էին Անվտանգության դաշնային  ծառայությանը տրամադրել  Պետերբուրգում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող անձանց տվյալները։ Telegram–ը բողոքարկել էր որոշումը եւ դիմել ՌԴ գերագույն դատարան, որը վճիռն օրինաչափ էր ճանաչել։