ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններն անընդհատ գործընթաց է, այնպես չէ, որ սպասում ենք ինչ-որ պահի՝ այդ գործընթացն սկսելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այս հարցում խնդիրներ կան առանձին պետությունների հետ աշխատելու, որովհետեւ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը ձեւավորվում է առանձին պետությունների մոտեցումներից ելնելով. «Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը չի լիազորված ԵՄ-ին, այլ ամեն մի պետություն կարող է նույնիսկ խոչընդոտել այդ գործընթացը: Դրա համար պետք է բոլոր երկրների հետ աշխատել: Բարդությունները պայմանավորված են իրավիճակով, որը ձեւավորվել է Եվրոպայում միգրացիոն հոսքերի հետ կապված: Հիմա ավելի զգուշավոր են վերաբերվում նման հարցերին»,-հայտարարեց ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ այդուհանդերձ, Հայաստանը դա խոչընդոտ չի համարում եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հարցին, թե կա՞ն հաշվարկներ, որ եթե վիզային ռեժիմն ազատականացվի, ինչ արտահոսք կարող է լինել Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրա համար վիզաների ազատականացումը սերտորեն կապված է ռեադմիսիայի հետ: Այսինքն եվրոպական երկրները, բնականաբար, շահագրգռված են, որ այդ ազատականացումը չբերի չարաշահումների: Այսինքն եթե անձը մեկնում է եվրոպական երկիր, վստահ լինեն, որ կվերադառնա»:

ԱԳ փոխնախարարը հստակ պատասխան չտվեց, թե արդյոք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը ենթադրում է, որ ընդհանրապես հանվելու է վիզային ռեժիմը. «Մենք արդեն այսօր ԵՄ-ի հետ ունենք վիզաների որոշակի ազատականացում: Դա վերաբերում է առանձին կատեգորիաների քաղաքացիներին: Այս պրոցեսն ավելի է խորանալու, որի վերջնակետը վիզային ռեժիմը հանելն է լինելու: Մենք այս պահին բանակցում ենք»,-ասաց նա: