«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ իր աշխատակիցներին Պետական դումայից հետ է կանչում, քանի որ այն լրագրողների աշխատանքի համար «վտանգավոր վայր» է դարձել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Էխո Մոսկվին Պետական դուման հիմա անվտանգ վայր չի համարում 2 սեռերի լրագրողների համար (պատգամավորներն ինչ հակումներ ասես կարող են ունենալ) եւ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկի համաձայն՝ իր լրագրողներին Պետդումայից հետ է կանչում»,- հայտնել է նա Telegram-ի իր ալիքում:

Վենեդիկտովը համերաշխություն է հայտնել այն լրագրողներին, որոնք Պետդումայում ոտնձգությունների զոհ են դարձել, եւ նշել, որ հիասթափված է պատգամավորական էթիկայի հանձնաժողովի որոշումից:

«Էխո Մոսկվին հաստատում է մարտի 5-ի իր որոշումը Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ համագործացությունը դադարեցնելու մասին»,- հավելել է Վենեդիկտովը:

Նա իր հաղորդագրության մեջ շեշտել է, որ համերաշխ է ՌԲԿ-ի, «Կոմերսանտի» եւ «Դոժդի» խմբագրությունների հետ ու մյուս խմբագրություններին լրագրողների հետ համերաշխության կոչ է արել:

Չորեքշաբթի հաղորդվել էր, որ ՌԲԿ-ն Պետդումայի աշխատանքը լուսաբանող իր լրագրողներին հետ է կանչում, քանի որ համաձայն չէ Սլուցկու նկատմամբ կայացված էթիկայի հանձնաժողովի եզրակացության հետ: «Կոմերսանտը» հայտարարել էր, որ վերջակետ է դնում պատգամավոր Սլուցկու որպես նյուսմեյքերի Պտդումայի հանձնաժողովի հետ փոխգործակցությանը, քանի որ հետեւում է էթիկական այլ հայացքների: Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Պետդումայի հետ աշխատանքը դադարեցնում է «Դոժդը»:

Ավելի վաղ Սլուցկուն մեղադրել էին «Դոժդի» պրոդյուսեր Դարյա Ժուկին եւ BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովային հետապնդելու մեջ: Աղջիկները նշել էին, որ բողոք են ուղարկել Պետդումայի պատգամավորական էթիկայի հարցերի հանձնաժողով: Սլուցկու դեմ հրապարակայնորեն հանդես էր եկել RTVI հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն, սակայն լրագրողը Դումայի հանձնաժողով բողոք չէր ուղարկել:

Ինքը Սլուցկին մեղադրանքները զրպարտություն էր որակել եւ վստահություն հայտնել, որ Դումայի ղեկավարությունը իրավիճակը կպարզի: Պատգամավորը նշել էր, որ իրենից «ռուսական Հարվի Վայնշթեյն» սարքելու փորձերը նման են էժանագին ու ցածրորակ սադրանքի եւ ի սկզբանե ձախողման են դատապարտված: Մարտի 8-ին նա Facebook-ում ներողություն էր խնդրել այն բոլոր կանանցից, որոնց «կամքից անկախ ցանկացած ապրում է պատճառել»: