Պատգամավոր Լեոնիդ Սլուցկու գործի հետ կապված իրենց լրագրողներին Պետդումայից հետ կանչելու մի շարք լրատվամիջոցների որոշումը նշանակում է, որ նրանք հավատարմագրումից կզրկվեն: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հայտնում է «Մեդուզան»

Վոլոդինը Պետական դուման բոյկոտելու որոշումը խմբագրությունների իրավունքն է համարել:

Տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Լեւինն իր հերթին հայտարարել է, որ Պետդումայի կամ նրա առանձին պատգամավորների հետ աշխատելուց հրաժարվելու մի քանի խմբագրությունների որոշումը հակասում է մամուլի կարեւորագույն խնդրին:

«Դաշնային խոհրդարանից իրենց լրագրողներին հետ կանչելու մի շարք լրատվամիջոցների որոշումը համարում եմ զգացմունքային եւ հանրությանը տեղեկատվություն հաղորդելու մամուլի կարեւորագույն խնդրին հակասող»,- մարտի 22-ին հայտարարել է նա:

Լեւինը մեկնաբանել է նաեւ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները, որոնք Լեոնիդ Սլուցկուն են ներկայացրել երեք լրագրողներ: Լեւինի խոսքով՝ լրագրողների աշխատանքը «հարգանքի է արժանի, եւ մեր պարտականությունն է նրանց գործունեության համար առավելագույն հարմարավետ եւ անվտանգ պայմաններ ստեղծել»:

Մարտի 21-ին Պետդումայի պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովը Սլուցկու գործողություններում ոչ մի խախտում չի գտել: Հանձնաժողովի նիստում BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովան եւ «Դոժդի» պրոդյուսեր Դարյա Ժուկը պատմել են, թե Սլուցկին ինչպես է իրենց հետապնդել: Ի պատասխան հանձնաժողովի անդամները սկսել են հարցնել, ինչու են այդ ոտնձգությունների մասին մտաբերել միայն նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հանձնաժողովի որոշումից հետո ՌԲԿ-ն հայտարարել է, որ իր թղթակիցներին Պետդումայից հետ է կանչում, նույն կերպ է վարվել «Դոժդ» հեռուստաալիքը: «Կոմերսանտ» պարբերականը որոշել է, որ չի համագործակցի Սլուցկու եւ էթիկայի հանձնաժողովի հետ ի համերաշխություն լրագրողների: «Լենտա.ռու»-ն խոստացել է հեռացնել Սլուցկու հետ կապված բոլոր նյութերը:

«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ իր աշատակիցներին Պետդումայից հետ է կանչում, քանի որ այն լրագրողների աշխատանքի համար «վտանգավոր վայր» է դարձել: