Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի եւ ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսեւորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առեւտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները:

Նախագահը դեսպանին մաղթել է հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա մշտապես ջերմությամբ կհիշի Հայաստանում անցկացրած տարիներն ու երկրից կհեռանա վառ տպավորություններով եւ կատարած պարտքի զգացումով: Մեր երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իտալիայի հետ հարաբերությունները խորացնելու գործում եւ հույս հայտնել, որ Հայաստանում Իտալիայի նոր դեսպանը նույն ջանասիրությամբ կշարունակի զարգացնել երկկողմ կապերը:

Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն եւ մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների եւ ներուժի շուրջ: