Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը այսօր՝ մարտի 22-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին։

Իր ներկայացրած միջնորդությունում Բարսեղյանը նշեց, որ ինքը մասնակցություն չի ունեցել ԱԱԾ-ի կողմից կաշառքի նմանակում օպերատիվ գործողությանը, որը գործով կարեւոր ապացցույց է հանդիսանում։

«Իմ հարցաքննությունների տակ իմ ստորագրություն ես չեմ դրել, այնինչ հարցաքննության ներքեւում գրված է, որ այն բարձրաձայն ընթերցվել է եւ ստորագրվել է իմ կողմից։ Դատարանն իր որոշմամբ արտահայտելով իր համակարծիք լինելը մեղադրողի հետ, դիտավորությամբ, կամ ոչ դիտավորությամբ ապօրինություն է թույլ  տվել, քրեական դատավարության կոպիտ խախտում՝չապացուցված մեղադրանքի մասերը մեկնաբանելով հօգուտ մեղադրողի կողմի, այլ ոչ թե՝ մեղադրյալի։ Դատարանում կանխակալ վերաբերմունք է ցուցաբերվել գործում առկա ապացույցներին»,-հայտարարեց Իշխան Բարսեղյանը՝ նշելով, որ ինքնաբացարկի միջնորդությունը ինքը դեռ վաղուց էր գրել, սակայն նիստերին չներկայանալու պատճառով չէր կարողացել ավելի շուտ ներկայացնել։

Ամբաստանվող դատավոր Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսեւորել գործում առկա ապացույցներին, հաստատել է կեղծ ստորագրությամբ արձանագրությունը, եւ դրանց գնահատական է տվել՝ «էական նշանակություն չունեցող»

«Փաստորեն ես ասում եմ իմ ստորագրությունը կեղծված է, դուք ասում եք՝ էական նշանակություն չուն, մեղա քեզ Աստված»,-ասաց Իշխան Բարսեղյանը՝ հավելելով, որ վերոնշյալ հանգամանքերը հիմք ընդունելով է ինքը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում նախագահող դատավորին։ Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: