ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաեւ տեղական սերմարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող փաստական տվյալներ:

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի եւ ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները 2018 թվականի մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի  բաժին` ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզի Միխայլովկա համայնքի իրավասու պաշտոնատար անձինք պարարտանյութերի բաշխման գործընթացում, մեկ միասնական դիտավորությամբ 2014-2016 թվականների  ընթացքում պարարտանյութերի վաճառքից համայնքի թվով 8 բնակիչներից ստացել են խոշոր չափերի գումար, որից հետո, շահադիտական դրդումներով, պարարտանյութի դիմաց համայնքի բնակիչներից հավաքագրված գումարները  մատակարար կազմակերպության բանկային հաշվեհամարին փոխանցելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այնուհետեւ, համայնքի ղեկավարը, իր կողմից փաստացի վաճառված պարարտանյութի համար հավաքագրված գումարի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Միխայլովկա համայնքում յուրաքանչյուր պարարտանյութի դիմաց վճարում կատարած ցուցակներում չի արտացոլել հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարի իրական չափի վերաբերյալ տեղեկություններ եւ շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը՝ ներկայացրել է Լոռու մարզպետարան:

Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարը, աշնանացան ցորենի բաշխման գործընթացում, նպատակ ունենալով հափշտակել համայնքի  բնակիչներին հասանելիք սերմացուն, 2014-2016 թվականների ընթացքում նույն համայնքի շահառու 4 բնակիչների տվյալները ձեւականորեն ներառել է  պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում եւ նրանց անվամբ դուրս գրված սերմացուն  վերջիններիս չի հատկացրել, այլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է:

Այնուհետեւ, համայնքի ղեկավարը, իր կողմից ցորենի սերմացուի  հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել է Լոռու մարզպետարանին:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. մարտի 21-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ  կետերով եւ  314-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցվել են երկու առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: