ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ արդյունավետ գործընկերությանը, մասնավորապես, ընթացիկ եւ ապագայում իրականացվելիք ծրագրերին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծվել է նաեւ ՀՀ կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ակտիվ համագործակցությունը:

Առանձնահատուկ կարեւորվել է այս տարի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ անդրադարձ է կատարվել նաեւ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երեւանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների եւ 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը: