Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երեւանի քաղաքապետարանի եւ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման եւ հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:

Անձրեւների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաեւ 27 նոր անձրեւընդունիչ եւ 16 սպասարկող դիտահոր:

Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաեւ Պարոնյան փողոցից իջնող անձրեւաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրեւընդունիչ, ինչպես նաեւ եւս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի հատման հատվածում: Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:

Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ: