Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը կլուծարվի, սակայն գործառույթը կբաշխվի այլ գերատեսչությունների միջեւ։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նշենք, որ այս նախարարությունը ստեղծվել էր Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: Կարծիքներ կան, որ այդ պաշտոնը ստեղծվել էր հատուկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համար։ Վերջինս պնդեց, թե  անձի համար չէր ստեղծվել եւ բուն նպատակն իր պտուղները տվել է։

«Նախարարության լուծարմանը նորմալ եմ վերաբերվում, բնականաբար, Հայաստանին պետք են թե բարեփոխումներ, թե ինտեգրում, եթե նախարարությունը չկա, չի նշանակում, որ գործառույթները վերացել են։ Որոշակի ժամանակահատվածի համար, երբ որ մեր ինտեգրման գործառույթը Եվրասիական տնտեսական միության համակցումը այլ ինտեգրումների հետ առավել կենտրոնացման կարիք ուներ, նախարարությունը կատարեց իր առջեւ դրված առաքելությունը, այդ թվում մի շարք խնդիրների մեջ կարողացավ զուգակցել հնարավոր ինտեգրումները։ Այժմ, քանի որ արդեն 1–ին փուլի կարգավորումները տրված են, եւ հնարավոր լուծումներն արդեն տեղում են, դա կարելի է անել այլ մեխանիզմների միջոցով։

Մասնավորապես կարծում եմ, որ փոխվարչապետի ինստիտուտի միջոցով արդեն առանց կոնկրետ նախարարության, բայց վարչապետի աշխատակազմի միջոցով ինտեգրման գործառույթները եւս կհամակարգվեն»,–մանրամասնեց  փոխվարչապետ– նախարարը։

Ըստ նախարարի՝ ինտեգրման սկզբնական փուլում առանձին նախարարության ստեղծումը կարեւոր էր, հիմա արդն որոշակի կարգավորված մեխանզիմների առկայության դեպքում գերատեսչության անհրաժեշտություն չկա։