ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-21-ն աշխատանքային այցով  Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր: 

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ Թուրքմենստանի պետական նախարար Միրատ Արչաեւը հանձնաժողովի անդամների հետ քննարկել են     անցյալ տարի Երեւանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ առաջիկա անելիքները:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Աշգաբադ-Երեւան ուղիղ ավիաչվերթի բացման եւ կանոնավոր չվերթերի իրականացման արդյունքում զբոսաշրջության խթանման իրական հնարավորությունները եւ  կարեւորել  չվերթերի  ավելացումը:

Անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման, արտահանման խրախուսման, ուսանողների եւ մարզիկների փոխանակման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  բնական գազի եւ էլեկտրաէներգիայի առաքման ու փոխանակման եւ այդ համատեսքտում Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:

Երկու երկրների նախարարները քննարկել են նաեւ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգն ու անցկացման հնարավոր ժամկետները, որը  տեղի կունենա 2018թ.-ին Աշգաբադում: