ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին կնոջը:

Կոտայքի մարզի բնակչից 2017 թվականին հաղորդում էր ստացել, որ մեկ այլ անձ մուտք է գործել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ եւ պատճենահանել իր նամակագրությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու՝ սոցցանցում գտնվող անհատական էջ ապօրինի մուտք է գործել նրա նախկին կինը, ով առանց թույլտվության պատճենահանել է նախկին ամուսնու եւ վերջինիս ընկերուհու նամակագրությունը եւ այն ուղարկել մեկ այլ անձի։ 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: