Իսրայելական իշխանությունները 50 միլիոն օգտատերերի տվյալների օգտագործման մասին սկանդալի ֆոնին սկսել են Facebook-ի գործունեության հետաքննությունը, հաղորդում է AFP- ն:

Իսրայելի գաղտնիության պաշտպանության գործակալությունը Facebook-ին հայտնել է հետաքննություն սկսելու մասին այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ Cambridge Analytica-ն սոցիալական ցանցի միջոցով ստացել է օգտատերերի տվյալները: Գործակալությունը կքննարկի նաեւ «գաղտնիության մասին օրենքի այլ խախտումների հնարավորությունը իսրայելցիների հանդեպ», - ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Իսրայելի գաղտնիության մասին օրենքի համաձայն՝ անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն համաձայնությամբ եւ այն նպատակներով, որոնց համար դրանք փոխանցվել են:

«Իշխանությունները մտադիր են պարզել, թե արդյոք Իսրայելի քաղաքացիների անձնական տվյալները ապօրինի օգտագործվել են այնպիսի ձեւով, որոնք խախտում են նրանց անձնական կյանքի իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ:

Վերջին օրերին Facebook-ը  լուրջ սկանդալի կենտրոնում է հայտնվել, որի համաձայն բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ստացել է սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի տվյալները, որոնց հիման վրա մշակել է ընտրողների քաղաքական նախընտրությունների վերլուծության ալգորիթմը, կազմել է նրանց էջերը, որոնք հետո օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ: