Գործող օրենքով եթե նախարարների ու համայնքապետների տեղակալների պաշտոնը հայեցողական է, նրանք ավելի՞ պաշտպանված են։ NEWS.am–ի հետ զրույցում Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այս հարցադրմամբ է արձագանքել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն գնահատակին, թե «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում նախարարի եւ համայնքապետի տեղակալների պաշտոնը հայեցողականից քաղաքական կարգավիճակով փոխելը «թայֆաբազություն» է։ Գեւորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այս փոփոխությամբ խախտվում է նրանց երաշխավորված աշխատանքային հարաբերությունների կայացման սկզբունքը։ Այսինքն՝ քաղաքական դրդապատճառներով նախարարի փոփոխությունը ակամա հանգեցնում է տեղակալների պաշտոնանկությանը, մինչդեռ վերջիններիս ուսերին է գերատեսչությունների հիմնական մասնագիտական աշխատանքը։

Վաչե Գաբրիելյանը շեշտել, որ նույն տրամաբանությամբ հայեցողական կարգավիճակում էլ երաշխավորված չէ աշխատանքային պաշտպանվածությունը։

«Հիմա որ այդ պաշտոնները հայեցողական են, իրենք ունե՞ն ավելի պաշտպանվածություն։ Մենք ունենք ՀՀԿ–ական, ՀՅԴ–ական, ոչ կուսակցական փոխնախարարներ, որ պաշտոնավարում են տասնյակ տարիներ։ Փոխնախարարները չեն դիտարկվում որպես անդեմ պաշտոնյաներ, որոնք մասնագիտական գործոնեություն են իրականացնում։ Երբ որ պնդում կա, որ նրանք չեն իրականացնում քաղաքական գործունեություն, այդ դեպքում նախարարության մեջ եթե համակարգում են այս կամ այն քաղաքականության ոլորտը, ապա դա ի՞նչ է, քաղաքական գործունեություն է, որը պատվիրակված լիազորություն է։ Իրենք իրականացնում են ընդհանուր քաղաքական մանդատ, որը բխում է ընտրություններից։ Բացի դրանից՝ նրանք Աշխատանքային օրենսգրքով ունեն իրավունքներ։ Այդ աշխատանքային հարաբերությունները այժմ էլ հայեցողական պաշտոնենրի դեպքում ենթադրում են, որ նրանք ամբողջական պաշտպանվածություն չունեն։ Այսինքն՝ աշխատանքային պայմաններով պայմանավորված էական բան չի փոխվել։ Ուղղակի նշել ենք, որ քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ մանդատի դեպքում նրանք ամբողջական թիմի անդամ են»,–պարզաբանել է Վաչե Գաբրիելյանը։