«Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր՝ մարտի 23-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում։

«Կքննարկվեն վարչակարգի կողմից Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի հետ հաշվեհարդարի փորձը, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հայտարարության հետևանքները, ինչպես նաև ապրիլի 9-ից սկսվող հուժկու շուրջօրյա գործողությունների ծրագիրը»,- նշված է հայտարարությունում։

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, նախօրեին «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:

Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ տեղեկությունների, չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:

Հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխելու դեմ հանրահավաքային պայքար սկսելու մասին հայտարարել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» դրան չեն միանա: