Ադրբեջանն օգտագործում է իսրայելական տեխնոլոգիաները եւ միաժամանակ վնասում  է իսրայելյան ընկերություններին: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝  NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում անօդաչուների արտադրության վերաբերյալ հայտնված հաղորդագրությունը:

«Այն, որ Ադրբեջանը փորձում է կրկնօրինակել ուրիշների տեխնոլոգոիաները, նորություն չէ», - ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բացառված չէ, որ իսրայելական անօդաչուների արտադրության տեխնոլոգիաները ադրբեջանական կողմի մոտ կարող էին հայտնվել ինչպես պաշտոնական՝ ատադրողից, այնպես էլ անօրինական ձեւով:

«Իսրայելական մասնագետների օգտագործման փորձերի վկայությունները նախկինում արդեն եղել են, բոլորը հրաշալի հիշում են իսրայելական ընկերության օպերատորներին  հայկական բանակի  դեմ մարտական անօդաչու օգտագործելու համար ստիպելու մասին տգեղ պատմությունը», -ասել է նա՝ մանրամասնելով, որ ԶԼՄ-ներում մինչ օրս չի հայտնվել Ադրբեջանին իսրայելական տեխնոլոգիաների վաճառքի մասին հաղորդսագրություն:

Նրա խոսքով՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի բնութագրերը նվազագույնը ճշմարտանման չեն:

«3.5 կգ քաշով անօդաչու թռչող սարքերի խոցման ռադիուսը 5-7 կմ.  սա ուղղակի ծիծաղելի է: Միայն, եթե խոսքը միջուկային մարտագլխիկի մասին է», - ասել է նա:

«Կարծում եմ, հրապարակման մեջ փորձագետի ամբողջ ասվածի մեջ հատկանշականն այնն  է, որ Ադրբեջանում անօդաչու տեխնիկայի ստեղծման գործընթացը կարող էր ավելի արագ լինել՝ հաշվի առնելով ունեցած ռեսուրսները: Սա շատ նրբանկատ հայտարարություն է եւ ըստ էության ադրբեջանական ռազմաարդյունաբերական համալիրի լուրջ անհաջողությունների մասին խոստովանություն է», - հավելել է ռազմական փորձագետը: